Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը նշում է իր 20-ամյակը․․․
Այս առիթով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Միջոցառման ընթացքում «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիայի նախագահ Լյուկա Մանզարանեսը պարգևատրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Այն հանձնեց ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը` ակնկալելով կենտրոնի հետագա արդյունավետ աշխատանք` ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման։
Ներկայացվեց ՖՀՄՈՒԿ-ի գործունեությանն անդրադարձող տեսաֆիլմ՝ «Հետադարձ հայացք կենտրոնի պատմությանը», ինչպես նաև շրջանավարտների հաջողության պատմությունները: Տեղի ունեցավ նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված հագուստի ցուցադրություն, որը մոդելավորել և պատրաստել են կենտրոնի ուսանողները։
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և գործատուների հետ՝ ի դեմս «Քարֆուր Արմենիա» ընկերության, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հովակիմյան լաբ» ընկերությունների՝ ուսանողների համար ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման նպատակով:
Ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին կենտրոնի դասախոսական անձնակազմին և աշխատակիցներին, ինչպես նաև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն: